«Բանակ գնալուց երկու ամիս առաջ քիթը վիրահատեցինք. նարկոզից դուրս եկավ, քիթը` գիպսով, աչքերի տակ` սառույց: Հայելին վերցրեց` նայեց, սկսեց ինքն իր հետ խոսել. ասում էր` էս ի՞նչ ուռոդ ա, ոչինչ` դիմացի Էդո ջան, հեսա գիպսը կհանեն, սիրուն տղա կլինես, բանակ կգնաս», - կսկիծը սրտում պատմում էր որդեկորույս մայրը` Գայանե Մխիթարյանը, եւ հազիվ նշմարելի, սառած երջանկությունը աչքերում` կրկին վերապրում որդու հետ ապրած ակնթարթը. հիշում էր, թե ինչպես էր իր ժպտերես, կատակասեր որդին ոգեւորված մենախոսում ու իրեն հույս տալիս, որ արդեն ուղղված քիթը շուտով իրեն մի ուրիշ հմայք է տալու:
Հայելին վերցրեց` նայեց, սկսեց ինքն իր հետ խոսել. ասում էր` էս ի՞նչ ուռոդ ա, ոչինչ` դիմացի Էդո ջան, հեսա գիպսը կհանեն, սիրուն տղա կլինես, բանակ կգնաս», - կսկիծը սրտում պատմում էր որդեկորույս մայրը` Գայանե Մխիթարյանը, եւ հազիվ նշմարելի, սառած երջանկությունը աչքերում` կրկին վերապրում որդու հետ ապրած ակնթարթը. հիշում էր, թե ինչպես էր իր ժպտերես, կատակասեր որդին ոգեւորված մենախոսում ու իրեն հույս տալիս, որ արդեն ուղղված քիթը շուտով իրեն մի ուրիշ հմայք է տալու:
Գայանե Մխիթարյանի որդին` Էդվարդ Մանուկյանը հունիսի 18-ի 4 զոհերից մեկն է, ում ադրբեջանցիները դարանակալել էին Չայլուի մատույցներում ու սպանել:
Նրա դին բերել էին հայրենի կիսակառույց օջախ, որտեղ Էդվարդը նույնիսկ չէր հասցրել ապրել ծնողների հետ, զգալ կյանքի նոր փուլի բերկրանքը: Երեւանի Ավան թաղամասից մեկ տարի առաջ էին տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղ: Այնտեղ նա չէր հասցրել նոր ընկերներ ձեռք բերել: Նրանց ընտանիքին գյուղում դեռ չէին ճանաչում, եւ ցավոք, նրա դասընկերների, ուսուցիչների եւ մտերիմների հետ զրուցել չհաջողվեց: Զրուցեցինք միայն ծնողների, հարազատների հետ: Մայրն ասաց, Էդուարդը սովորելու հետ թեեւ այնքան էլ սեր չուներ, սակայն փոխարենը շատ մաքրասեր, աշխատասեր, անձնազոհ ու միշտ ընտանիքին նվիրված է եղել: Նա հասցրել էր ավարտել Ներսես Մեծի անվան թիվ 4 դպրոցը եւ Աղի հանքի թիվ 6 խոհարարական ուսումնարանը, զբաղվել էր ֆուտբոլով: Ծնողները պատմում էին, որ նա հաճույքով էր մասնակցում խոհարարական դասընթացներին, հետո արդեն այնքան էր հմտացել, որ թեթեւացնում էր մոր հոգսը: Երկու եղբայր էին. փոքրը` Էդգարը դրսի գործն էր անում, Էդվարդը` ներսի: Արդեն աղցաններ էր պատրաստում, հայկական տոլմա, նոր տարվա սեղանն էր ձեւավորում եւ տունը հաճախ մաքուր ու հավաքած էր պահում, որ գործից վերադարձած հոգնած մայրը հանկարծ նեղություն չկրեր: Նաեւ շինարարություն էր անում, առաջարկ լինելու դեպքում` նաեւ խոհարարի օգնականի պարտականություններ ստանձնում, իսկ ստացած գումարով տան առաջնային հոգսերն էր հոգում. մի անգամ նույնիսկ մոր համար հեռախոս էր գնել, իրեն ու եղբորը հագուստ, միայն հորը ոչինչ չէր գնել: Հայրը մի քիչ «նեղացել էր», թե` «էս տան խորթը ես էի...»: Բայց Էդվարդը գնացել էր կողքի խանութ ու հոր սիրտը շահելու համար` մի սուփրա-սեղանի առեւտուր արել, ու նրա հետ նստել սեղանի շուրջ: Մորաքույրն ու տատիկը պատմում էին, որ Էդվարդը բնավորությամբ անկաշկանդ էր, ազգականների, ընկերների հետ շատ կապված:
Հետո, երբ արդեն նոր բնակավայր պետք է տեղափոխվեին, Էդվարդը զորակոչվեց բանակ: Նա խոստացել էր` բանակից գալ ու օգնել` հայրենի շենը կառուցել: Ասել էր` «Պապ, չնեղվես: Կգամ` միասին տունը կկառուցենք», ու 2009-ի մայիսի 18-ին գնացել բանակ: Անընդհատ հորից հետաքրքրվում էր, թե տանը ինչ նորություններ կան, ինչ փոփոխություններ կան...
Մատաղիսի զորամասում խոհարարի գործ կար, եւ Էդվարդին առաջարկել էին` զբաղվել խոհարարությամբ, բայց նա նախընտրել էր զինվորի համար ավելի վտանգավոր ծառայություն` հետախույզի աշխատանքը: Ծնողների հետ միշտ կապի մեջ էր եղել, գոհ էր ծառայությունից, թույլ չէր տվել, որ ծնողներն «իր հետ ծառայեն», ուտելիք բերեն, հետո` նաեւ հագուստ: Հասցրեց` ծառայել 1 տարի 1 մեկ ամիս... ու անտրտունջ:
Էդվարդը մոր հետ վերջին անգամ խոսել էր հունիսի 9-ին` դեպքից 9 օր առաջ եւ սպասում էին, որ վաստակած արձակուրդայինը ձեռքին` նա արդեն տանը պետք է լիներ: Պետք է սպասեր, որ հերթափոխի տղաները «օտպուսկից» գային փոխարինելու, որ ինքն էլ հնարավորություն ունենար` ծնողներին տեսնելու: Բայց չգիտեին, որ նա դիրքեր էր բարձրանալու, թեեւ միշտ ասել է: Իսկ այս անգամ, չգիտես ինչու, չէր ասել, որ չանհանգստանային...
Հերոսի մահով ընկած Էդվարդ Մանուկյանը հետմահու պարգեւատրվեց «Զինվոր հայրենյաց», «Մարտական երախտագիտություն Արցախի քաջորդիներ» մեդալներով եւ ծնողների խնդրանքով ամփոփվեց գյուղում, որտեղ Էդվարդը չէր էլ հասցրել ապրել:
Էլմիրա Մարտիրոսյան
Комментарии
Отправить комментарий