«Բայց ինչու՞ տուժող...» հրապարակմամբ («ՀԺ», 19.10.02) փորձել էինք վերլուծել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դերը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ: Պատասխանը չուշացավ եւ, ինչպես սպասվում էր, այն եղավ Հ.Բաբուխանյանի կողմից ղեկավարվող «Իրավունքում»: Սակայն դրանք անհնար է անվանել պարզաբանում կամ հերքում, առավել եւս՝ ռացիոնալ բանավեճ: Պարզապես ինձ ուղղված տափակ վերագրումներ ու մերկապարանոց մեղադրանքներ են, որոնք եթե անգամ ընդունենք, թե ճիշտ են, չեն փարատում այն լուրջ կասկածները, որ կան Բաբուխանյանի նկատմամբ: .«Իրավունքն» չի հերքում, որ ոճրագործությունից անմիջապես հետո Բաբուխանյանը անարգել տեղաշարժվել է ԱԺ դահլիճում, ներս ու դուրս արել, շփվել ահաբեկիչների հետ: Նրա միջնորդությամբ է Դավիթ Զադոյանը դուրս թողնվել դահլիճից, եւ իրոք, ի՞նչ վատ բան է արել՝ օգնելով ազատություն ստանալ պատանդներից մեկին: