К основному контенту

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Ա

clip_image002Այս մասին շատ է գրվել ու խոսվել, և թվում է թե այլևս ամեն ինչ բացահայտ է` գոնե բանիմաց շատերի համար, թեև մնում են բավականին մութ ծալքեր: Սույն քննախուզությունը չի հավակնում լիովին լուսաբանել դրանք ու հետաքննչական մանրամասնությունները, այլ միայն հիմնվելով քիչ թե շատ հաստատված տվյալների վրա, դիտարկել պատմական միջադեպը առավել ընդգրկուն իրադարձությունների ու իրավիճակների համայնապատկերում, դրանց զուգորդումներով և էաբանական պրիզմայով` ինչպես նաև անձնական փաստագրումներով: Առավել ևս, որ դրանց հեղինակը եղել է դեպքերի ժամանակակիցը, ճանաչել անձերից ոմանց ու թերևս մասամբ դարձել այդ ոճրագործության անուղղակի զոհը, ինչն էլ դրդեց սույն հետաքննությունը և գուցե մասամբ կպարզվի դրա հրապարակմամբ  (1): Սակայն կա շատ ավելին:

Ըստ մեզ և շատ այլոց, հոկտեմբեր 27-ի ոճրագործությունը ոչ միայն եղավ պատմականորեն շրջադարձային մի հանգույց, նշանավորվեց նորածին անկախության կորստով, հետագա տասնամյակում դարձավ կործանիչ իրադարձությունների, անբացատրելի թվացյալ խառնաշփոթության ու համատարած ջղաձգությունների դրդապատճառը` այլևս ճակատագրորեն աղճատեց ողջ հայ իրականությունը` վարագուրելով նաև ապագան: 26.10.2007 թ. Ազատության հրապարակի իր ելույթում ՀՀ առաջին նախագահը այն համեմատեց 705 թ. արաբների կողմից ողջ հայ նախարարական ավագանու ողջակիզման, 1915 թ. մտավորականության և 1930-ական թվերի ստալինյան գլխատումների հետ: Դրանց ու պատմական այլ ողբերգությունների զուգահեռմամբ, մենք առավել հակված ենք պետական այդ ոճրագործությունը համեմատելու 374 թ. Հռոմի կողմից Պապ թագավորի դավադրական սպանության հետ, որից հետո Հռոմի և Պարսկաստանի միջև ճզմված ու հազիվ փոքր-ինչ ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանը կորցրեց անկախությունը և վերստին տրոհվեց արևմտյան ու արևելյան հպատակության և ներքին ջլատվածության: Մնացյալը հայտնի է:

Այս առումներով 1999 հոկտեմբեր 27-ի ոճրագործության ըստ էության բացահայտումն ունի նույնքան բախտորոշ ու ազգաբանական նշանակություն` ոչ այնքան լոկ վասն արդարության թե վրեժխնդրության` որքան հավատի ու ինքնավստահության վերականգման, ինքնագիտակցության, ինքնամաքրման և բարոյահոգեբանական ապաքինման: Ուստի, մենք կվազանցենք հայտնի մանրամասները, երևակայելու համար այդ եղերական եղելության բուն էությունն ու խորհուրդը, ինչպես հայտնի թե նույն բառերի վերադասավորմամբ, և անգամ մեկ ստորակետի տեղափոխմամբ ամբողջովին կարող է փոխվել նախադասության իմաստն ու բովանդակությունը: Նույնը նաև բառը այլ նախադասության, նախադասությունը այլ մեկ պարբերության մեջ ընթերցելու պարագայում: Իսկ մնացյալը` յուրաքանչյուրը կարող է լրացնել դեպքերի ու իրավիճակի հետ առնչվող ծովածավալ նյութերով, ինչպես նաև հեղինակի հրապարակված թե դեռևս ոչ արձանագրություններով ( 2):

Ի սկզբանե կուզեինք նաև նշել, որ ոչ մեկ լրատվամիջոց չհամաձայնեց թե չհամարձակվեց հրապարակել սույն քննախուզությունը, ինչը ևս հայ արդի իրականության ախտաբանական մեկ խոսուն հանգամանք է, հավաքական կամա-ակամա մեղսակցության մեկ դրսևորումը և վերլուծության այլ մեկ թեմա: Մինչդեռ, դրա նախորդ տարբերակի սոսկ գոյությունը հեղինակին թանկ արժեցավ, որը հարկ է նույնպես ընդունել որպես ինքնին խոսուն մեղսության փաստ (այդ մասին` իր տեղում):

Այսուհանդերձ, մենք չնչին իսկ կասկած չունենք, որ առաջին անգամ ներկայացվող այս վարկածը ժամանակի ընթացքում կարմատավորվի հայոց գիտակցության մեջ: Առավել ևս, որ ոճրագործությանը հետևած տասնամյակում խնդրահարույց իրադարձություններն արդեն հաստատել են այն և դեռ կամրագրվի գալիք փորձություններում

1. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1991 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարկ էր սպասել պատմական “ճոճանակի” դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մեկ աստիճանի վրա` մասնավորապես Կենտրոնում և նրան հարակից «թույլ օղակներում»: Առավել ևս, որ կադրային, նյութական թե սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառվել, մասամբ անցել էին ընդհատակ, մասամբ պատեհապաշտորեն այլակերպվել, իսկ ընչազրկված թե հիասթափված զանգվածը սպասում էր նոր վերափոխումների :

- Դրանց առաջին դրսևորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրությունները, իրենց հայտնի հետևանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնին է հրավիրում Ռ. Քոչարյանին, իսկ ՆԳ և ԱԱ միացյալ ու կարևորագույն նախարարությունները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգսյանին (երկուսն էլ խորհրդային երբեմնի «կադրայիններ» ) : Եվ անմիջապես սկսվում է գալիք «հեղաշրջման» և դրա առանցքային` «հոկտեմբեր-27» իրադարձության լատենտային գործընթացը (3):

- Ճիշտ նույն 1996 թ., Սանկտպետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրության ընտրապայքարը, իսկ նրա արդեն «գործազուրկ» տեղակալը` նախկին հետախույզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիորեն դիմում և դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, հայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակվում ՌԴ ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն ( Անվտանգության Դաշնային Ծառայություններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ )…

- Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկման սքող գործընթացը, իսկ 1998 թ. փետրվարին, արցախյան հիմնահարցի առնչությամբ տեղի տալով Վազգեն Սարգսյան-Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եռյակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապես այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թվում ՌԴ նախագահ Բ. Ելցինին ( վերջինս խորհուրդ չի տալիս և նույնիսկ առաջարկում է իր օգնությունը: Բայց այդ ինչպիսի՞…) : Այդպես, «ինքնաբերաբար» Ռ. Քոչարյանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտոնակատար, իսկ 1998 թ. մարտ 30-ի նախագահական արտահերթ ընտրություններում` արդեն լիիրավ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զորեղ աջակցությունը, այդուհանդերձ սահմանադրական հայտնի խախտումներով և ընտրական զեղծարարություններով, ընդդեմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճյանի: Թվում էր, թե հաղթական եռյակը հասել էր իր նպատակին և առջևում գոնե ներքին հակամարտություններ չկան: Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը մնացել էին իրենց ուժային նախարարություններում և փաստացի ողջ իշխանությունը հզոր եռյակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճվել էր ներքին և արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նույնպես, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղվել էր հօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թեև
հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատյանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնե առժամյա բևեռվել իր տնտեսա-հասարակական հարցերի վրա:

- Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը մեկ քանի ամիսներ անց, սկսվում է խորհրդավոր և ցայսօր չբացահայտված սպանությունների միմյանց հաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան ( իմա` հենց Ս. Սարգսյանի տեղակալը, բայց նաև Ներքին զորքերի հրամանատարը…), 08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետյանը (4), այլք, և «պատահաբար» բոլորն էլ Վ. Սարգսյանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ է արվում մեղադրել հենց Վ. Սարգսյանի շրջանակը: Այս ամենը զուգորդվում է նաև «վհուկերի որսով»` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղյանի: Եվ այդ` սպանված թե ինքնասպանված (երևի Ա. Մարգարյանի պե՞ս…) ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ (խորհրդային ժամանակ նրանք հարաբերվել են Արցախում): Իսկ առավել արտառոցն այն է, որ ՆԳ և ԱԱ միանձնյա նախարարն իր ոչ պակաս կարևոր գործընկերով հանդերձ վերոնշյալ սպանությունները անկարող եղավ բացահայտել` ինչպես նաև չի բացահայտվել ևս մի քանի ամիսներ անց հոկտ.27-ի աննախադեպ ոճրագործությունը: Բայց առայժմ ամեն ինչ հերթով :

clip_image003- Ըմբռնելով «արալեզների դավադրությունը» և կռահելով այժմ արդեն իր դեմ լարվող որոգայթը, Վ. Սարգսյանը հենվում է «Երկրապահ-Հանրապետական» դաշնության վրա և նախընտրելի Կ. Դեմիրճյանի ՀԺԿ կուսակցության հետ կազմում «Միասնություն» հզոր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում, Կ. Դեմիրճյանը ընտրվում է արդեն մեծամասնությամբ յուրայիններից կազմված Խորհրդարանի, նախագահ, Վ. Սարգսյանը օրինաչափորեն նշանակվում վարչապետ, ի վերջո տարաբաժանում ՆԳ և ԱԱ նախարարությունները և առաջինը վստահում մերձակից Սուրեն Աբրահամյանին` թեև Ռ. Քոչարյանի համառությամբ և հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայությունների տնօրինությունը մնում է Ս. Սարգսյանին ( ըստ ոմանց, այդ Վ. Սարգսյանի հաջորդ, ճակատագրական վրիպումն էր…) : Այսուհանդերձ, փաստացի իշխանությունը հիմնականում «Միասնություն» դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսյանը դիտվում էր ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: Նա այդպես էլ ընդունվեց 1999 թ. սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելության և փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասվածից ավելի ջերմ ընդունելության ընթացքում:
Քոչարյան-Սարգսյան տանդեմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխությամբ Հայաստանում վերականգնված և վրեժխնդրությամբ լի դաշնակցականներից ( ի միջի այլոց արդեն «թունդ» ռուսամետ…), քաղաքական կուռ հենարան, այլ շարունակելիություն և կողմնորոշում որոնել…,

- Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնավորապես կապված շվեյց. Mabetex ընկերության հետ: ՌԴ գլխ. դատախազ Յ. Սկուրատովը փորձում է բացահայտել գործը, ինչն էլ նրան արժեցավ հեռուստատեսային «սեռական շանտաժն» ու պաշտոնանկությունը: Դրա մեջ իր որոշակի դերն ունեցավ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և ФСБ/ԱԴԾ-ի տնօրեն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլյան «ընտանիքի» առավել վստահությանը, իսկ 09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտոնավարությանը (5):
Այդ արդեն ուղիղ ճանապարհ էր բացում դեպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապես կռահեցին ներքին և արտաքին հեռատեսները…
Եվ հիրավի նրանց ակնկալիքները սպասեցնել չտվին: Պուտինն ու թիմակիցները անմիջապես սկսում են նախապատրաստվել նախ Պետդումայի մոտակա և գալիք 2000 թ. նախագահական ընտրություններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային հնարավոր տարածքներում, և բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստավոր ցանկացած առիթ :

- Առաջին այդ հնարավորությունը նախ ընձեռեց Շ. Բասաևը` 05.08.1999 թ. Դաղստանում իրռազմական գործողությամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարվածով (6): Երկրորդ առիթը ստեղծվեց 09.9.1999 թ. մերձմոսկովյան բնակշենքերի տարակուսելի ահաբեկչությամբ (7) , որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդեմ միջազգային ահաբեկչության: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հավանաբար և նաև ՀՀ նախագահին` նույն սեպտեմբերին երևանյան իր կարճատև այցելության ընթացքում (թերևս վասն թիկունքի ապահովման, բայց դժվար թե նրան չմտահոգեր Հայաստանի ներքաղաքական նոր և ՌԴ-ին ոչ այդքան նպաստավոր իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում) :
Եվ 1999 թ. չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դեմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նույն «Միասնություն» անվամբ արհեստական կուսակցությունը: Այն դեկտեմբերին հաղթում է Պետդումայի ընտրություններում, իսկ Ամանորի հենց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը հայտարարում է իր հրաժարականը և Վ. Պուտինի փոխանորդությունը: 26.03.2000 թ. նախագահական արագացված ընտրություններում այն փառավորապես դառնում է լիիրավ (7) …

- Մեկ փոքրիկ, ուշացած` բայց թերևս շատ կարևոր հավելում: 09.02.2008 թ., տասնամյա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադարձած Լ. Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրարշավի առնչությամբ Ազատության հրապարակում արեց ցնցող մի հայտարարություն, հրապարակելով նույն 1999 թ. աշնանը բուռն քննարկվող ղարաբաղյան հարցում «Մեղրիի տարբերակը»: Ըստ այդմ, նախատեսվում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դեպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էության նշանակում էր լրիվ մեկուսացում: Ռ. Քոչարյանի առաջարկով, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և այն վստահաբար նախապես համաձայնեցվել էր երաշխավորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ նախագահի կողմից (վավերացումը կցված էր պայմանագրին): Ըստ հավաստի տեղեկության, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը, որոնք ոճրագործության ճիշտ նախօրերին ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի «Այդ փաստաթուղթն էլ լինելու է հոկտեմբեր 27-ի բացահայտման ամենակարևոր մոտիվներից մեկը», մինչդեռ իշխանությունները ցայսօր դրա կապը հոկտ. 27-ի ոճրագործության հետ շարունակում են բնորոշել որպես պատահական զուգադիպություն… (ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008:  Այդ մասին` իր տեղում) :

- Ահա, ներքին և արտաքին այս իրադարձությունների թոհուբոհում էլ այդքան «պատահական» զուգադիպությամբ Հայաստանում իրագործվում է հոկտ. 27-ի աննախադեպ ոճրագործությունը` այն էլ իբր մի քանի «ռոմանտիկ» թափթուկների ավելի քան կատարյալ «ինքնագործունեությամբ» : Վստահ պատահական չէր «Ալֆա» ջոկատի կայծակնային և սքող հայտնությունը միջադեպում (բայց այդ ո+վ էր կանչել, եթե ոչ միմիայն իրավասու ՀՀ նախագահը… ): Իսկ մինչ այդ, Վ. Սարգսյանի առաքելությունն ԱՄՆ և Վ. Պուտինի համարյա միաժամանակ սեպտեմբերյան այցը Երևան, դժվար թե ողջամտությունը որպես զուգադիպություն ընդունի (9) :  Զի, այն պատահականությունը, որը հետևանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթե այդուհանդերձ պատահականություն` ապա պարզապես դրա պատճառը չիմանալու պատճառով:

- Մնացյալն այստեղ արծարծելն ավելորդ է: Բոլորին է հայտնի թե ինչպես ոճրագործության հետաքննությունը մտավ փակուղի, իսկ դրա հնարավոր կազմակերպիչների մասը կարճվեց 2004 թ.` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ  (այն ընդհանուր գործից
տարանջատվել էր նույն 2000 թ. ամռանը…): Միայն նշենք մեկ քանի կարևոր հանգամանքներ:
Ոճրագործությանը հետևեցին «մեղմացուցիչ» ամիսներ, մինչև 2000 թ. մայիսը, որը նույնպես «պատահականորեն» համընկավ Վ. Պուտինի նախագահական ընտրության հետ: Քոչարյան-Սարգսյան տանդեմի դիրքերն ամրապնդվեցին, և նրանք ձեռբազատվեցին ձևականորեն
վարչապետ նշանակված Վ. Սարգսյանի եղբայր Արամ Զ. Սարգսյանից ու Պաշտպանության վազգենական նախարար Վ. Հարությունյանից  ( 10) : Մնում էր թունդ ընդդիմության ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործության պահանջատեր Անդրանիկ Մարգարյանը  (11) ` իր Երկրապահ- Հանրապետական զորակցությամբ: Մայիսյան հնարավոր սուր առճակատումից մեկ շաբաթ հետո նա նշանակեց վարչապետ և պաշտոնավարեց մինչև 2006 թ. իր տարօրինակ հանկարծամահը`2007 թ. խորհրդարանական և 2008 թ. սկզբին նախագահական ընտրությանների ճիշտ նախաշեմին…
Հեղաշրջումն ավարտված էր, մնում էր աստիճանաբար «ավելել» մնացյալ հետքերն ու անցանկալի անձանց (ոմանք խորհրդավոր մահացան, այլք` արտաքսվեցին, մյուսները`լռեցվեցին, շատերը` առինքնվեցին, իսկ մնացյալը սսկվեց… ), և ոչ մի կերպ բաց չթողնել իշխանության բոլոր լծակները, ինչն էլ այլևս բացեիբաց դրսևորվեց հաջորդ տարիների հարաճուն բռնատիրությամբ, աներևակայելի խարդավանքներով, ընտրությունների լկտի խեղաթյուրումներով և հանցագործ աշխարհի «բարգավաճմամբ», բարոյահոգեբանական զանգվածային անկմամբ, իսկ ամենակարևորը` ռուսական այլևս բացահայտ կողմնորոշմամբ և «Հայաստան` պարտքի դիմաց» քաղաքական գործարքով…

Այս ամենը այլևս բնավ «պատահական» չեն, ոչ էլ «ռոմանտիկ» թափթփուկների ինքնագործունեություն, այլ լրիվ ընդհակառակը` խիստ «պրոֆեսիոնալ» ներքին ու արտաքին շրջանակների և կառույցների «օպերատիվ» արկածախնդրություն:

Այսքանը և դեռ շատ ավելին հայտնի են բոլորին, անհամեմատ առավել` անմիջականորեն ոմանց, և անգամ այլազգի շատերին: Սակայն գիտենալը դեռևսդատել չէ, որն հայերենում միաժամանակ նշանակում է թեդատողություն, թեդատաքննություն, թեդատավարություն և թեդատապարտում :

——————–
1 Միայն այս հրապարակման ազդը արդեն անհանգստացրել է ոմանց (http://qh.do.am/publ/10-1-0-234), ավելին վստահաբար առջևում է…
2 «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉԲԱՌ կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը» (Երևան-2003), «Վտարում» (անտիպ), «ԷՈՒԹՅԱՆ ոդիսականը», (անտիպ, խոսքը վերաբերում է համանուն գիտահետազոտական միաբանությանը, որի հիմնադիրն ու նախագահն է` 2002 թվականից Հայաստանից արտաքսված, սույնի հեղինակը), այստեղ արդեն հրապարակված «Հոկտեմբեր 27 և Թուրքիան» ակնարկը:
Տե’ս նաև հոկտեմբեր 27-ի առնչությամբ շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ նյութեր, հետաքննության N°62207199 քրգործից քաղվածքներ 18000 էջ արձանագրություններից, ընթացիկ հղումները թե հարակից աղբյուրները և ինտերնետային ծով ինֆորմացիաները: Ուստի, մենք այստեղ կվազանցենք հայտնի մանրամասնությունները: Առավել ևս, որ, գեղանկարը թե խճանկարը չեն ընկալվում ակնապիշ, երաժշտությունը` «չռված» ականջներով, իսկ երևույթների տակ ընկած էությունները` ակնհայտ մանրուքներով, որոնք հաճախ ուռճացվում են հենց աչքակապության միտումով :
Ինչ վերաբերում է հետաքրքրասեր թե մասնագետ հետաքննիչներին, ապա նրանք խնդիր չեն ունենա ստուգելու այստեղ առաջին անգամ ներկայացվող որոշ տեղեկությունները, ուղղելու, հարստացնելու թեվերիմաստավորելու այլերը` ինչը ի վերջո հիմնականում կլուսաբաներ ոճրագործությունը, վասն գալիք սերունդների փորձառության, ինքնագիտակցության և գոնե հոգևոր անկախության :
3 Այդ մասին հանգամանալից տես ՉԻ- «Չորրորդ Իշխանություն» թերթի N°N° 353-364 համարներում` «ՀԵՂԱՇՐՋՈՒՄ. ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ՊԱՀԸ» խորագրի տակ, ավելին` «ՎԵՐՀԻՇԵՆՔ» խորագրով N°N° 546-695, իմա`17.03.06-27.10.2007 թթ, http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html կայքը և այլուր:
4 1997թ. աշնանից ի վեր մամուլով բազմիցս զգուշացրել է Վ. Սարգսյանի դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ, իսկ նրա հետ անձամբ հանդիպման փորձից 3 օր անց, դարձել խորհրդավոր ավտովթարի զոհ…
5 Վ.Պուտինի կտրուկ վերելքն ապահովեց կրեմլյան օլիգարխիան` մասնավորապես Բ. Բերեզովսկին, նկատի առնելով նրա մասնագիտական փորձն ու «լոյալ» ծառայությունը իրենց նկատմամբ: Այդ նախ վասն ինքնաապահովության, ապա ընդդեմ 1998-1999 թթ վարչապետ Ե. Պրիմակովի (նույնպես հին չեկիստ ու դեռ երբեմնի ԿԳԲ-ի տնօրեն) : Նրանցից շատերը դեռ չէին կռահում իրենց «գլխի գալիքը»…
Այս և նման այլ տվյալները` միջազգային ԶԼՄ-ներից: Անշուշտ, կարելի էր տարակուսել դրանց իսկության վրա, եթե միայն չլինեին գլխավոր դեմքերի կենդանի հարցազրույցները, դեպքերի տեսագրությունները, իսկ ամենակարևորը` ամենատարբեր աղբյուրներում հիմնավոր փաստերի համապատասխանությունը, ինչն էլ սույն քննախուզության արմատական սկզբունքն է :
6 Ըստ Դաղստանում ՌԴ զինուժի հրամանատար գեներալ Շամանովի կենդանի խոստովանության, ԱԴԾ-ն նախապես տեղյակ էր այդ ծրագրից, որը նախատեսված էր իրագործել սեպտ.-հոկտեմբեր ամիսներին :
Սակայն, վասն պուտինյան ընտրարշավի կտրուկ հաջողության, ԱԴԾ-ն Բասաևի շրջապատում իր գործակալների միջոցով կարողացել էր արագացնել այդ գործողությունը: Հոկտ. 27-ի հետ առերևույթ կապ չունեցող այս իրադարձություններն արծարծում ենք Վ. Պուտինի գործելակերպն ու միջոցները ուրվագծելու և զուգահեռներ ապահովելու միտումով:
7 Ըստ Յ. Սկուրատովի, արդեն հանգուցյալ Ա. Լիտվինենկոյի ու այլոց, այստեղ ևս ենթադրվում է ФСБ-ի ձեռքը: Առավել ևս, որ դրանք չբացահայտվեցին, իսկ ռուս բնակչությանը տրամադրեցին չեչենների դեմ:
8 Սույն նյութին կից, այս բոլորի վերաբերյալ, տարբեր աղբյուրների ծաղկաքաղմամբ պատրաստված է երկու տեսանյութ 36 և 52 րոպե տևողությամբ: Դրանք հագեցած են կենդանի վկայություններով և անհերքելի փաստագրություններով, որոնք անուղղակիորեն առնչվում են հայաստանյան իրադարձությունների հետ, մասամբ լուսավորում դրանք և շատ ավելի ընդգրկուն ամրագրում սույն քննախուզությունը:
9 Ըստ տարբեր աղբյուրների, Վ.Սարգսյան-Ա.Գոռ և այլ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել տնտեսաքաղաքական որոշ համաձայնություններ: 2005 թ. ՊՆ Ս. Սարգսյանի այցը ԱՄՆ նույնպես բորբոքեց ՌԴ իշխանությունների խիստ դժգոհությունը և նրանց համար նա այլևս դիտվեց 2008 թ. նախագահական ընտրությունների համար անցանկալի թեկնածու` տարբեր միջոցներով հենց Հայաստանում արժանանալով նախազգուշական հետապնդումների («հակակրիմինալ շարժում» ևն) …
10 Անհրաժեշտ այդ կառույցն անցավ մինչ այդ «արմենիկումով» խիստ զբաղված Ս. Սարգսյանին, իսկ ԱԱԾ վերանվանված ծառայությանը վստահվեց ` ըստ լրատվության, «հոկտեմբեր 27-ի առանցքային ֆիգուր» Կ. Պետրոսյանին: Բայց երբ 2004 թ. կարճվեց ոճրագործության «ծրագրավորողների գործով» տարանջատված մասը, նրան այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանը` հայտնի «27-ի Գորիկ» մականվամբ : Զի այդժամ հենց նա էր համակարգում «ահաբեկչության դեմ պայքարը» , իսկ թե ինչպե՞ս` հայտնի է հենց հետևանքներից: Մինչդեռ, ավելի ուշ Ռ. Քոչարյանի անվտանգության գծով խորհրդականի պատվին արժանացավ` ըստ չար լեզուների, «երեք ծառայությունների անհաջող գործակալ» Գառնիկ Իսագուլյանը (գուցե շատ հաջո՞ղ, նախ ԿԳԲ-ի, ապա դաշնակցական, հետո…) :
11 Մինչ այդ առինքնվել էր այլ մեկ «ծանր հրետանի» և նշանակվել ՆՊ փոխնախարար` ԵԿՄ-ի ապագա նախագահ, վազգենական գեներալ Մանվել Գրիգորյանը: Գերիշխող «Միասնության» դաշտը շարունակում էր ականազերծվել անգամ գլխատվելուց հետո…

Մարտ 15, 2009: Հեղինակը` Ալեքսանդր Վարպետյան

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՔԱՐ (Հոկտեմբեր 27-ի առեղծվածը) Մաս Բ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-ը» ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ´

Հոկտեմբերի 27-ին ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը դարձավ նաեւ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, սակայն, ի տարբերություն մյուս զոհերի, նա սպանվեց ԱԺ նիստերի դահլիճին կից կարմիր ֆոյեում:

Տիգրան Նազարյանն ու «Հոկտեմբերի 27»-ը

2002 թվականին Գլենդելում (ԱՄն) հայկական «ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն է եղել 2000թ.-ի հոկտեմբերից ԱՄՆ-ում գտնվող, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Պատճառը հանդիսացել է այն, որ վերջին ամիսներին հայակական մամուլում հաճախ անդրադառ էր լինում Տ.Նազարյանի ԱՄՆ ում գտնվելու փաստին և կարծիքներ հնչում, որ նա ինչ-ինչ դերակատարում է ունեցել «Հոկտեմբերի 27»-ի գործում և դրանում է կայանում նրա՝ ԱՄՆ մեկնելու բուն պատճառը, ինչպես նաև կարծիքներ կան, որ այս անձը ԿԳԲ-ի գաղտնի աշխատակից է: .«ՎԱՐԱԳՈՒՅՐ» հեռուստահաղորդման հյուրն եղած ժամանակ Տ.Նազարյանը փորձեց հերքել իրեն հասցեագրված մեղադրանքները: Կարող ենք փաստել, որ ինչ- որ չափով դա նրան հաջողվեց, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը չի կարելի անտեսել:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ը

Ուշադիր կարդացե´ք «27»-ի քր.գործը, անձամբ կարդացե´ք, եվ կհամոզվեք, որ անբարոյականություն է Վազգեն Սարգսյանի եղբորը առաջնորդել մի «դաշինք» որտեղ գոյություն ունեն՝ մարդիք, վորոնք Վազգենի դիակի կողքին գրկախառնված զբոսնում էին ոճրագործ Նաիրի Հունանյանին հետ: . Վ.Ղուկասյան .. ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ՏՈՒԺՈՂ կամ Հայկ Բաբուխանյանի (նույն ինքը՝ Ն.Հունանյանի «կառավարության» 36-րդ համարը) դերակատարությունը «Հոկտեմբերի 27-ի» գործում. .Բազմիցս է խոսվել այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի անմիջական կատարողները չէին կարող իրենց սեվ գործն անել, եթե չունենային դաշնակիցներ՝ ինչպես ԱԺ-ից դուրս, այնպես էլ ԱԺ-ում: