Մարտյան ողբերգական իրադարձություններից այնքան էլ շատ ժամանակ չի անցել: Փաստերի հավաքագրման գործընթացը շարունակվում է. եւ որքան հեռանում ենք այդ օրվա զգացմունքային ֆոնից, այնքան ավելի դետալացված, պարզ ու հստակ է ներկայանում արյունոտ օրվա խրոնոլոգիան: Լուսանկարներ, բջջայինով նկարահանված սիրողական կադրեր, պրոֆեսիոնալ տեսանկարահանումներ, պաշտոնական հրամաններ, հեռուստաելույթներ. այս ամբողջ ինֆորմացիոն բազան մոդելավորելու դեպքում`
վերականգնվում է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակագրությունը` ժամերի, անգամ րոպեների ճշգրտությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ խրոնոլոգիան, որը հիմնված է այն լուսանկարների ու տեսանկարահանումների վրա, որտեղ ամրագրված են ամսաթիվը եւ ժամը:
ժ. 06.25. Ոստիկանական ուժերը շրջափակում են Ազատության հրապարակը:
ժ. 06.44. Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրախոսով կոչ է անում հավաքվածներին կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ:
ժ.06.45 Հարձակում Ազատության հրապարակի խաղաղ նստացույցի մասնակիցների վրա:
ժ. 06.50 Գրիշա Սարկիսովը ձերբակալում է Լեւն Տեր-Պետրոսյանին:
ժ.07.00 Ոստիկանական զորքը ամբողջությամբ «օկուպացնում» է Ազատության հրապարակը:
ժ.08.00 Ազատության հրապարակում շարունակվում են «օկուպացիոն» գործողությունները: Ոստիկանները մարդկանց գույքը, վրանները լցնում են աղբատար ավտոմեքենաների մեջ, տեղանքում աշխատում են նաեւ հրշեջ մեքենաներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ հրապարակում: Ոստիկանները սկսում են փայտեր եւ զենքեր տեղադրել հրապարակում:
ժ.07.00-ից սկսած մինչեւ ժ.09.00-ն Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հետապնդվում են ինչպես նստացույցի մասնակիցները, այնպես էլ պատահական անցորդներ:
ժ.08.40 Ազատության հրապարակում արված կադրում երեւում է առաջին զինված ոստիկանը: Նա զինված է ՍՎԴ տեսակի զենքով:
ժ.10.40 Ոստիկանական ավտոմեքենաներով փակված են ֆրանսիական դեսպանատուն տանող ճանապարները` Վազգեն Սարգսյան փողոցի եւ Շահումյան հրապարակի հատման գծում:
ժ.10.50 Երեւում է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կայանված ջրցան ավտոմեքենան:
ժ.11.00 Դեռ Ֆրանսիայի դեսպանատան դիմացի փողոցի երթեւեկելի մասը բաց է, եւ ցուցարարները կանգնած են դեսպանության դարպասների առաջ:
ժ.11.20 Ցուցարարները ֆրանսիական դեսպանատան փողոցի երթեւեկելի մասը փակում են ցուցարարների թվի կտրուկ աճի պատճառով:
ժ.11.45 Տրոլեյբուսը գծից հանվում է: «Կառուցվում» է առաջին բարիկադը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
ժ.12.15 Նոր զորքեր են բերվում կրկեսի կողմից, որոնք կանգնում են ժողովրդի երկու բաժանված մասերի միջեւ:
ժ.12.30 Հայտնվում են ավտոմատներով զինված դիմակավորներ, որոնք նստած են ոստիկանական ավտոմեքենաների մեջ: Դրանք տեղակայված են Երեւանի քաղաքապետարանի դիմացի մայթին` դեպի Մաշտոցի պողոտայի ուղղությամբ:
ժ.13.00 Բանակցությունների շնորհիվ ոստիկանները ճանապարհ են բացում, որպեսզի ժողովրդի երկու բաժանված հատվածները իրար միանան:
ժ. 13.50 ԲՏՌ-ը հայտնվում է Մյասնիկյանի արձանի դիմաց:
ժ.13.49 ՊՆ զորակոչիկներ են բերվում Մյասնիկյանի արձանի մոտ:
ժ.14.10 ԲՏՌ-ը հանում են Մյասնիկյանի արձանի մոտից` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի անմիջական օգնությամբ:
ժ.15.00 Զորքերին սկսում են հեռացնել Մյասնիկյանի արձանի շրջակայքից:
ժ.15.27 Հեռանում է ոստիկանական վերջին ստորաբաժանումը: Հենց այդ ժամանակ ոստիկանական «Վիլիս» ավտոմեքենան քշում է ժողովրդի վրա` վիրավորելով մի քանի քաղաքացու:
ժ. 15.30 Մարդիկ այրում են այդ «Վիլիսը», իսկ ոստիկանները դիմում են փախուստի:
ժ.15.35 «Վիլիսի» վրաերթից հետո իրարանցում է սկսվում քաղաքապետարանի դիմացի հատվածում, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունենում, որի շարունակությունը կանխվում է ընդդիմության առաջնորդների շնորհիվ: Նշված ժամից հետո մինչեւ ժ.21.00-ն, այսինքն` այն ժամանակաընթացքը, երբ ոստիկանները հեռացած են լինում Մյասնիկյանի արձանի շրջակայքից, որեւէ անօրինական գործողություն տեղի չի ունենում` ոչ ավտոմեքենաների այրում, ոչ ծեծ, ոչ թալան:
ժ.16.09 ՊՆ զորքերը իրենց տեխնիկայով հայտնվում են Հանրապետության հրապարակում:
ժ.16.11 ՊՆ համարանիշներով մեքենաները` զորքերով լիքը, տեղակայվում են նաեւ Ֆիրդուսանոցի դիմացի մայթում:
ժ.16.27 Օլիգարխների թիկնազորը եւ բանակը, այդ թվում` Խաչատուրովը, հայտնվում են Մելիք-Ադամյան փողոցի վրա, որտեղ էլ սկսում են զինվել ավտոմատներով:
ժ.18.14 ՊՆ համարանիշով ավտոմեքենաներով նոր զորքեր են բերվում Հանրապետության հրապարակ:
ժ.19.00 ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ եւ հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը արդեն պատրաստ է, սակայն դեռ չի ստորագրվել:
ժ.20.00 Ավտոմատներով զինված դիմակավորները փոխարինում են անզեն, Մաշտոցի կամրջի վրա կանգնած ոստիկաններին: Նույն ժամին փակվում են Մյասնիկյանի արձան տանող բոլոր ճանապարհները, Մաշտոցի գետնանցումը, Լեո-Պարոնյան փողոցը, Շահումյան հրապարակը, Հաղթանակի կամուրջը: Միայն բաց է թողնվում Կրկեսի խաչմերուկը:
ժ.20.55 Զինված ոստիկանները Ձկան խանութի մոտից առաջ են շարժվում դեպի Մյասնիկյանի արձան` գործածելով «Զարյա» եւ «Չերյոմուխա» տեսակի գազային նռնակներ: Նռնակները արձակվում են Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած ցուցարարների ուղղությամբ:
ժ.21.10 Ոստիկանները, հասնելով Ռուսական դեսպանատուն, ավտոմատ կրակահերթերով սկսում են հետ շարժվել դեպի Պարոնյան փողոց:
Ժ.21.20 Ոստիկաններն ամբողջ կազմով հետ են շարժվում դեպի Պռոշյան փողոց: Այս ընթացքում ցուցարարների «հսկողության տակ են հայտնվում» Մյասնիկյան արձանին հարակից բոլոր փողոցները, սակայն որեւէ թալան տեղի չի ունենում:
ժ.21.50 Ոստիկանները վերադասավորված եւ ջրցան մեքենաների ուղեկցությամբ (մինչեւ այս պահը, որեւէ ջրցան մեքենա չկար) իրականացնում են Մյասնիկյանի արձանի ուղղությամբ երկրորդ հարձակումը, բայց հայտնվելով Մաշտոցի գետնանցումի վրա, չեն կարողանում առաջ շարժվել:
ժ.22.10 Ոստիկանները երկրորդ անգամ են «հետ քայլ» անում դեպի Լեո-Պարոնյան խաչմերուկ: Մինչեւ մարտի 2-ի ժ.01.30 նրանք այլեւս կանգնած են մնում Լեո փողոցի վրա եւ առաջ չեն շարժվում:
ժ.22.15 Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալիս, որտեղ նա նշում է, թե կան վիրավոր ոստիկաններ, թալանվում են խանութներ: Այս ելույթի ընթացքում դեռ ոչ մի թալանված խանութ չկա:
ժ.22.30 Լեո եւ Պռոշյան փողոցներ են բերվում ծանր զրահատեխնիկա` Ռազմական ոստիկանության մեկ ԲՏՌ Լեո փողոցի վրա եւ երկու ԲՏՌ Պռոշյան փողոցի վրա, սակայն նրանք առաջ չեն շարժվում:
ժ.22.48 Սկսվում է «Ռոբերտո» եւ «Երեւան Սիթի» խանութների թալանը, այսինքն` Ռ.Քոչարյանի` թալանի մասին հայտարարությունից 30 րոպե անց:
ժ.01.30 (Մարտի 2) Ծանր զրահատեխնիկան Լեո եւ Պռոշյան փողոցներից շարժվում է Մյասնիկյանի արձանի ուղղությամբ եւ կայանվում է Մաշտոցի գետնանցումի վրա: Նույն ընթացքում ոստիկանները եւ զորքերը Մաշտոցի պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմացից շարժվում են դեպի Մաշտոցի շուկա եւ տեղակայվում են շուկայի դիմաց: Այս ընթացքում նշված փողոցները վերահսկվում են միայն զորքերի եւ ոստիկանների կողմից: Այսինքն` ժողովուրդ չկա:
ժ.02.50 Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսով կոչ է անում ժողովրդին ցրվել Մյասնիկյանի արձանի մոտից: Այդ կոչը ընդդիմության առաջնորդները փոխանցում են ցույցի մասնակիցներին:
ժ.03.30 Մյասնիկյանի արձանի մոտ այլեւս ցուցարար չի մնում: Զորքերը, առաջ շարժվելով, վերահսկում են ամբողջ տարածքը:
Շարունակելի
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Комментарии
Отправить комментарий