Սկիզբը` նախորդ համարում
Շարունակում ենք ներկայացնել մարտի 1-ի իրադարձությունների մանրամասները որոշակի սխեմայի մեջ ամփոփված։ Եթե երեկվա մեր հրապարակումը` Մարտի 1-ի ժամանակագրությունը, ամփոփված էր եղած լուսանկարների եւ տեսանկարահանումների վրա ամրագրված ժամերով, ապա մարտի 1-ին զորքերի տեղակայումը «բաժինը» ամփոփելիս հիմք են ծառայել 7-ի գործի նյութերի ուսումնասիրությունները եւ տարբեր գործերով անցած վկաների ցուցմունքները։
1. Լեո-Պարոնյան փողոցների վրա տեղակայված են եղել ՈԶ 1001, 1031, 1032, 1033 ստորաբաժանումները։ Բացի այս, այդտեղ են տեղակայված եղել նաեւ ոստիկանության քաղաքային եւ շրջանային բաժինների աշխատակիցները։ Պարոնյան փողոցում գտնվող շենքերի կտուրներին տեղակայվել են ՀՀ Ազգայի Անվտանգության Ծառայության եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության դիպուկահարները։ Ռազմական ոստիկանությանը պատկանող ԲՏՌ-ի տակ եղել են ՈԶ դիպուկահարները։ Լեո-Պարոնյան փողոցի վրա այդ օրը տարբեր ժամերին ծառայություն են իրականացրել ՀՀ ոստիկանության փոխնախարարներ Գրիգոր Գրիգորյանը, Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանը, Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը՝ իր անձնակազմով եւ Ազգային անվտանգության ծառայության «սպեցնազը»։ Այս փողոցներում շարված զորքերի վերջին շարքերում կանգնած են եղել նաեւ ԼՂՀ-ից բերված զինյալներ, ինչպես նաեւ ՊՆ սպաներ` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, որն հարձակումը սկսելուց հետո անմիջապես հեռացել է դեպքի վայրից եւ գնացել է նախագահական նստավայր։
2. Շահումյան հրապարակում գործունեություն են ծավալել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները եւ 6-րդ վարչության «սպեցնազը»։ Այստեղ են եղել հայտնի օլիգարխների թիկնազորը եւ նրանց կողմից դեպքի վայր բերված զինվորական համազգեստով հրոսակախմբերը։ Օլիգարխներից Շահումյան հրապարակի հետնամասում եղել են Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի, Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի «տղաները»։ Այդ օրը Շահումյան հրապարակում են եղել մինի թաղային հեղինակություններ Կարոտիկն ու Կոնդիկը։ Օլիգարխների հպատակներից քիչ հեռավորության վրա ծառայություն է իրականացրել Ներսիկ Նազարյանը։
3. Հանրապետության հրապարակը ամբողջությամբ վերահսկվել է ՊՆ զորքերի եւ ՌՈ որոշ ստորաբաժանումների կողմից։ Հանրապետության փողոցից մինչեւ Ամիրյան փողոց` «ՍԱՍ» սուպերմարկետ, վերահսկել են ՊՆ տարբեր զորամասերից (սահմանամերձ գոտուց) բերված զորամիավորումները։
4. Ժողովրդի մեջ են «մտցվել» ԱԱԾ Ն/Ն վարչության աշխատակիցներ` ֆոտո եւ վիդեո նկարահանումներ իրականացնելու համար, ծպտյալ ոստիկաններ, գործակալներ, ինչպես նաեւ Արտաշատից Հովիկ Աբրահամյանի կողմից ուղարկված խանութ եւ ավտոմեքենա թալանողներ` թվով 25 հոգի, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի կողմից նույն գործի համար ուղարկված թվով 15 մարդ։ Մինչ այդ Մաշտոցի փողոցի վրա տեղակայված «Երեւան-Սիթի» խանութից ժ.21.00-ից տուն է ուղարկվել խանութի ամբողջ անձնակազմը` թվով 33 հոգի։ Մյասնիկյանի արձանի մոտից ժողովրդի հեռանալուց հետո այդ տարածքում ավտոմեքենաներով` ավտոմատների փողերը դուրս հանած, շրջայց են կատարել Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ներկայացուցիչները։
5.Նախագահական առանձնատան հսկողությունը իրականացրել են ԼՂՀ-ից բերված հատուկ ջոկատայինները։
6. Նախագահի նստավայրում «աշխատել» են ինչպես նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները, այնպես էլ ՊՆ ղեկավարությունը` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։
7. Կառավարության շենքում տեղակայված են եղել ինչպես վարչապետի անվտանգության աշխատակիցները, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից ուղարկված հրոսակախմբերը։ (Այս մարդկանց կողմից ուղարկվածների թվերը համապատասխանաբար եղել են` 350, 25, 110, 80)։
ՀՀ 10 քաղաքացիների սպանվելու ժամերը
1. Համլետ Թադեւոսյան. զոհվել է ժ.21.10 ՌԴ դեսպանատնից դեպի Ձկան խանութ ընկած ճանապարհին` «Զարյա» տեսակի նռնակի պայթյունից։
2. Գոռ Քլոյան. զոհվել է Մաշտոցի պողոտայի գետնանցումի վրա` «Չերյոմուխա» տեսակի գազային նռնակից։
3. Գրիգոր Գեւորգյան. զոհվել ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից։
4. Տիգրան Խաչատրյան. զոհվել է ժ.21.50-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` «Չերյոմուխա» տեսակի գազային նռնակից։
5. Սամվել Հարությունյան. մահացու վիրավորվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։
6. Հովհաննես Հովհաննիսյան. զոհվել է ժ.22.05-ին Մաշտոցի փողոցի անկյունում (դեպի շուկա տանող ճանապարհին)` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։
7. Դավիթ Պետրոսյան. զոհվել է ժ.22.10-ին Պարոնյան փողոցում եղած կրպակների դիմաց` «Մակարով» տիպի ատրճանակի կրակոցից։
8. Արմեն Ֆարմանյան. զոհվել է ժ.22.20-ին Լեո-Պարոնյան խաչմերուկին` «Չերյոմուխա» տեսակի գազային նռնակից։
9. Տիգրան Աբգարյան. մահացու վիրավորվել է ժ.22.25-ին Լեո փողոցի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։
10. Զաքար Հովհաննիսյան. զոհվել է ժ.01.30-ին ¥Մարտի 2¤ Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից։
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Комментарии
Отправить комментарий